27 January, 2011

ուղղակի գրառում


Բնականաբար իմ ԱՄՆում լինելու ընթացքում իմ առաջին գրառումը պիտի լիներ իմ առաջին տպավորությունների կամ մտածմունքների մասին։ Այդպես էլ պլանավորում էի եթե այսօր Արա Պետրոսյանի վերջին գրառումներից մեկը  չկարդայի ու չշարունակեի տեղադրված հղումներով հասնել YouTube-ում տեղադրված Շանթի ֆլիմերին (նշեմ որ այն երկու մասից է բաղկացած եւ երկուսն էլ նայելուց հետո նոր խնդրում եմ շարունակել կարդալ)։ 


Ես չեմ հիշում երբ եմ վերջին անգամ հեռուստացույցով ինչ որ բան նայելիս այդպես հուզվել։ Ու պատճառը այն չի որ Մեսչյան ճարտարապետին շատ սիրում եմ։ Անկեղծորեն ասեմ որ չեմ հավանում իրա երգերը նաեւ իմ տեսած միայն երկու գործերից (Մատենադարանի նոր մասնաշենքը եւ Կառավարության ընդունելությունների տունը) միայն վերապատումով կարող եմ ասել որ ոչինչ շենք է Կառավարության ընդունելությունների տունը (համահեղինակներից միայն Ռշտունուն գիտեմ)։ Երբեւիցէ բախտ էլ չեմ ունեցել հանդիպելու իրեն անձամբ։ Բայց ես առաջին անգամը լինելով զգացի երբ մեր գործող ճարտարապետներից որեւէ մեկը երեխայի պես հպարտանում էր իրա շենքը ցուցադրելով։ Էնպես ոգեւորությամբ էր պատմում իրա գաղափարների մասին որ երեւում էր որ նա ապրում է դրանցով։ Ես տեսա մի բան որ ես ինքս զգացել եմ իմ մեջ մի բան որ չեմ տեսել ուրիշների մեջ ու ես հասկացա որ այն սերը որ դրվածա այդ նախագծում շատ խորնա ու ակամայից զուգահեռներ եմ տանում երկու մեծ ճարտարապետների հետ Զումթոր եւ Մուրքութ որոնք ունեն շատ քիչ գործեր բայց յուրաքանչյուրում կա ոգի։ Սա մի բանա որ եթե ես կարդայի հայերենով ցանկացած տեղ ուղղակի կժպտայի ու կանցներ... Նաեւ դրա մասին էր խոսում հաշված շենքերի քանակը որոնք գիտեր ու ամեն մեկի մեջ ոնց որ մի ինչ որ ոգի էր դրել... Կարծում եմ որ սա մի շատ շատ կարեւոր երեւույթ է որը շատ պակասում է առհասարակ մե այսօր արարման գործում՝ ճարտարապետությունում...
  

© 2009 - 2010. Neo ARCH Lab & Sarhat Petrossian. All right reserved. 

15 January, 2011

Ճարտարապետներ բոլոր երկրների ՊԱՐԱՊ մի մնացեք

ՆՓԱԿում տեղի ունեցող Սեդա Շեկոյանի համադրությամբ տեղի ունեցող ցուցահանդեսի գոնե տեքստային մասի հետ ծանոթանալով (իմ ընկերներից մեկը ասում էր որ դա իրական ցուցահանդեսի հետ հակասոււթյան մեջ է) ունեի շատ հակասական տպավորություն։ Գոնե ինձ ընկալելի մասով այն վերջին շրջանում տեղի ունեցող ինքնակազմակերպված հասարակական քաղաքացիական նախաձեռնությունները դիտարկում էր ազատ ժամանակի խաղալիք (ես չեմ հավակնում վերլուծել ցուցահանդեսը եւ մեկ անգամ էլ եմ ասում ծանոթ եմ միայն տեքստային մասի հետԱյդ ուղղությամբ մտածել եմ նախկինում ու դրանում ես տեսնում եմ ինչ որ իրականության հետ ընդհանուր աղերսներ ունեցող տեսակետ։ Ոչ թե ես կամ ուրիշները արել ու անում են այն քանի որ ուրիշ բան ու գործ չունեն այլ քանի որ ունենալով գիտակցություն կարեւորելու համար նշված գործընթացների կարեւորությունը ունեն իրական հնարավորություններ այն համատեղելու իրենց մյուս աշխատանքների հետ։

Մոտ մեկ տարի առաջ երբ սկսեցին այս բլոգում գրառումներ անել այն իրոք արդյունք էր ամանորյա ազատ ժամանակի։ Նաեւ նույն շրջանակում տարվա ընթացքում մի քանի անգամ ասել եմ տարբեր առիթներով ճարտարապետությունը ինձ համար հոբբի է։ Բայց եթե ճարտարապետական նախագծումը ինձ համար որպես հոբբի է հանդես եկել ապա ճարտարապետաըան խնդիրները մասնավորապես քաղաքաշինության վերաբերյալ մասնագիտական ու հանրային երկխոսության կայակցումը ինձ համար շատ կարեւոր է այնքանով որ կարծում եմ մասնագիտական բազմաթիվ խնդիրների լուծում գտնվում է այդտեղ։ Այդ մասին ասել եմ միշտ ու կարծում եմ դրա մասին գրելու կարիք մեկ անգամ եւս չկա։ Այդ առումով հետաքրքիր է ֆեյսբուքում ստեղծվաղ բաց ճարտարապետական ֆորումը մենք ենք մեր քաղաքի տերը նախաձեռնության շրջանակում։ Այն կարող է հանդիսանալ յուրահատուկ հարթակ իմ վերեւում նշված գործընթացների կայացման համար։ Քանի որ այն ինչով ես զբաղվել եմ իմ բլոգում եւ այն ինչ տեղի է ունենում այնտեղ գրեթե համընկնում են հույս ունեմ որ այն կլինի շարունակական ու չի դառնա ՙպարապ վախտի խաղալիք՚՚ ու այն ժամանակի ընթացքում իսկականից կլինի բաց։ Հույս ունեմ այս խոսքերը չեն ընդունվի որպես անձնական ինչ որ խնդիրներ լուծելու ձեւ եւ ովքեր ինձ ճանաչում են գիտեն որ ես ինքս երբեք նման ձեւով հարցեր չեմ լուծում եմ ցանկացած գործընթաց որն նպաստում է մասնագիտության կայացմանը սատարում եմ։ Դրա վառ օրինակը այն է երբ ես կողմ էի Նարեկ Սարգսյանի առաջարկին Երեւանը մի քանի այլ փոքր քաղաքների բաժանելու մասին։
 
Որպես պարապ վախտի խաղալիք ինչպես նաեւ իմ հունվարի սկզբին տեղադարված գրառմանս արդյունք :) շատ եմ կարեւորում Երեւանի նոր գլխավոր ճարտարապետի նշանակումը։ Իհարկե ես այդպես էլ չհասկացա այդ ինչ կարգ է որ Հայաստանի գլխավոր ճարտարապետն է առաջադրում ու եթե Երեւանի քաղաքապետը չի առարկում այն ինքնաբերաբար նշանակվում է Երեւան գլխավոր ճարտարապետ (ես ծանոթ չեմ նման որեւէ կարգի եւ ուրախ կլինեմ որեւէ մեկը եթե ինձ ասի այդ մասին)։ Այն անտրամաբանական է եւ պետք է անպայման վերայնայել։
 
Անձամբ չեմ ճանաչում Միքայել Հասրաթյանին ու կարծում եմ որ շատ լավ է որ չենք ճանաչում։ Չեմ ընդունում նաեւ այն նկատառումները որ նա չի նախագծել որեւէ շինություն։ Գլխավոր ճարտարապտի ինստիտուտը Հայաստանում որքան էլ անիմաստ լինի ունի մեկ խնդիր մշակել եւ իրավական ուժ տալ համընդհանուր ընդունելության արժանացած հայեցակարգ քաղաքաշինական փաստաթղթերի ողջ փաթեթը եւ ապահովել դրանց իրականցումը։ Ու վերջ։ Սա պիտի լինի քաղաքային իշխանության անելիքը։ Կարծում եմ որպես երիտասարդ ով քիչ է առնչվել ճարտարապետական խոշոր նախագծերի կարող է լինել ավելի ազատ եւ մերժելով ցանկացած խմբային եւ անձանական շահեր կարող է լինել իր պապիկի արժանի հետնորդը։
 
Նաեւ Արսեն Կարապետյանն էր նշել որ գոնե վերջին երեք գլխավոր ճարտարապետներն էլ չեն ունեցել որեւէ կառուցված շենքենր մինչեւ Գլխավոր ճարտարապետեները։ Համելտ Խաչատրյանի եւ Սամվել Դանիելյանի դեպքում գոնե ունեցել ենք պետական համակարգում աշխատելու փորձ ունեցող պաշտոնյաներ։ Դա կարող էր լինել ճիշտ եթե մշակված լինել քաղաքաշինական գործունեության ընթացակարգերը։ Իսկ Նարեկ Սարգսյանի դեպքում նման փորձի բացակայության դեպքում կար շատ ուժեղ ղեկավար լինելու հնարավորություն ով ցանկության դեպքում կարող էր բոլոր խնդիրներին տալ համակարգային լուծում։ Սակայն որեւէ մեկի դեպքում շոշափելի արդյունքենր չեն եղել։ 

Այս ամենը դրական հիմքերեն ստեղծում։ Իսկ անհաջողության դեպքում երկու շատ կարեւոր երեւույթ արժեզրկվելու են։ Առաջինը ՚անփորձ՚ ճարտարապետի նման պաշտոնի նշանակելը եւ երիտասարդներին նման հնարավորությունների ընձեռումը։ Ես վստահ եմ եւ հույսով եմ որ նա կգտնի ճիշտ լուծումներ կամ կլսի ճիշտ մարդկանց կատարելու համար առաջին իսկ քայլերը եւ չի սկսի ենթարկվել ինչ ինչ ուժերի։ Ուղղակի հիշեցնեմ իմ վերջին տեքստից մի միտք՝  Հայաստանի անկախությունից հետո քաղաքաշինության ոլորտի կայացման եւ զարգացման համար պատասխանատու մարդիկ (անկախ նախկինում զբաղեցրած եւ ներկա դիրքից) վիժեցրել են դրա համար անհրաժեշտ բոլոր գործընթացները եւ պետք է քաջություն գտնեն իրենց տեղը զիջել իրական բարեփոխումների պատրաստ մասնգետներին։

15 հունվար 2010
Լորենս, ԱՄՆ 


13 January, 2011

Բաց նամակ պարոն Ռուբեն Վարդանյանին



Հարգելի պարոն Վարդանյան,

Ինչպես եւ ցանկացած հայի համար այնպես էլ ինձ համար շատ կարեւոր է Հայաստանի զարգացման եւ բարգավաճման համար կատարված ցանկացած նախաձեռնության, անկախ դրա կոմերցիոն կամ բարեգործական լինելուց, հաջողությունն ու շարունակականությունը: Այս նամակին չէի նվիրի նաեւ իմ ամանորյա հանգստյան օրերը, եթե չունենայի հարգանք Ձեր կատարած աշխատանքներին եւ Ձեր մարդկային տեսակի հանդեպ: Նման ձեւով Ձեզ դիմելու կարիք չէր լինի նաեւ եթե Ձեր կողմից ստեղծված բազմաթիվ աշխատատեղերում գտնվեին մարդիկ, ովքեր այս խոսքերը Ձեզ ասելու ցանկություն դեպքում նաեւ նման  հնարավորություն ունենային:

Ինչպես արդեն նշեցի Ձեզ դիմելու ու անկեղծ մի քանի խնդիրների վերաբերյալ բարձրաձայնելու բազմաթիվ առիթներ եմ զգացելª եւ որպես մասնագետ, եւ որպես քաղաքացի: Յուրաքանչյուր անգամ ինչ- ինչ պատճառով մտածել եմª որ միգուցե չարժէ հատկապես մամուլով նման բան նախաձեռնել:

Սակայն վերջերս Ձեր կողմից հիմնադրված ընկերություններից մեկի հայտարարած մրցույթը ինձ ստիպեց գրել այդ մասին ինչպես նաեւ մի քանի այլ նախաձեռնությունների մասին:

Թույլ տվեք սկսել առաջին 2007 թվականին տեղի ունեցած դեպքից, երբ Ձեզ պատկանող Ամերիա խոհրդատվական ընկերությունը հայտարարել էր մրցույթ Դիլիջանում կառուցվելիք դպրոցի համար: Այն ժամանակ հայտարարած մրցույթի կազմակերպչական բոլոր գործողությունների ընթացքում կարծես թե բացակայում էր ճարտարապետական արհեստավարժ մոտեցումը, որի համար պարզապես անհրաժեշտ էր մասնագետների ներգրավումը աշխատանքներին: Այն նախադեպ հանդիսացավ Հայաստանի տարածքում ճարտարապետական տենդեր-մրցույթի հիբրիդի կայացմանըª որտեղ գնային առաջարկ-ժամկետ-ընկերության անցյալ չափորոշիչներին զուգահեռ պահանջվում էր նաեւ ճարտարապետական էսքիզ` ասել է թե հայեցակարգ: Նշեմ, որ ավանդաբար թե° տեղական, թե° միջազգային պրակտիկայում գոյություն ունի թե° գնային առաջարկª տենդերի, թե° ճարտարապետական մրցույթ անցկացնելու նախադեպը: Եթե առաջինում կարեւորվում են սեղմ գումարային հնարավորությունների սահմաններում եւ ժամկետներում մատուցել ճարտարապետական ծառայություններ, ապա երկրորդում նախ եւ առաջ կարեւորվում է ճարտարապետական լուծումների միջոցով ընտրության կազմակերպումը: Դիլիջանի դեպքը մարսվեց այն ժամանակ մասնակից եւ ոչ մասնակից ճարտարապետական ընկերությունների կողմից: Նշեմ որ ապագայում Էկոնոմիկայի նախարարությունը եւս  կրկնեց նույն սխալը Գյումրիի տեխնոպարկի դեպքում ու չնայած խնդիրն իմ կողմից բարձրացվեց, սակայն ցավոք այն կայացավ մեկ անգամ չեղյալ հայտարարվելուց հետո:

Սա բավականին օրինչափ երեւույթ կարող է դիտարկվել Հայաստանում ճարտարապետական մասնագիտական գործունեության շրջանակում, քանի որ վերջին տարիներին մի քանի ճարտարապետների ՙթեթեւ՚ ձեռքով առհասարակ մասնագիտությունը կարծես թե կորցրել է իր դերակատարությունը հանրային կյանքում: Չնայած նրան, որ մասնագիտության վերարժեւորման վերաբերյալ մեր բազմաթիվ մամուլով եւ այլ միջոցներով քննարկումներին այն դեռեւս նույն տխուր վիճակում է: Ասածս բնականաբար շատ ընդհանրական բնույթ ունի եւ անժխտելի է այն փաստը, որ բազմաթիվ արհաստավարժ մասնագետներ ծավալում են իրենց գործունեությունը Հայաստանում եւ արտերկրում:

Նյուն տրամաբանությամբ է ընթացել մոտ մեկ ամիս առաջ հայտարարված Երեւան քաղաքում բազմաֆունկցիոնալ համալիրի ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցույթը, որը հայտարարվել է ՙՓրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի՚ ՓԲԸ-ի կողմից` Ամերիա ընկերությունների խմբի մասնակցությամբ: Այդ տարածքում են գտնվում երկու շինություններ, որոնք գտնվում են Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, սակայն մրցույթի պայմաններում նշված է ՙայս մրցույթի շրջանակներում տվյալ փաստը կարող է հաշվի չառնվել` առավել ճկուն ճարտարապետական լուծումներ ներկայացնելու նպատակով՚ (հայերեն տարբերակում էջ 3, կետ 1.4): Սա ոչ միայն հակասում է ՀՀ տարածքում գործող օրենքներին ու ոտնձգություն է հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը, այն նաեւ հակասում է Ձեր ղեկավարած ընկերության 100 տարիների մասին բարձրաձայնող կարգախոսներին: Ավելին Երեւանում առկա երկու հնագույն բանկերի կանգուն կառույցները, որոնք նախագծվել են 19-րդ եւ 20-րդ մեծագույն երկու հայ ճարտարապետների կողմից հենց որպես բանկային շինություններ կարող են լավագույնս պահպանվել եւ անցյալ ունեցող, վստահելի բանկային ծառայությունների մատուցող ընկերության համար հրաշալի օրինակ հանդիսանալª ներքին տարածության հոյակերտ կամարների ու լուծումների ներքո: Ավելին ոչ միայն այս ամենի պահպանման մասին պարտադիր նշում չկա այլեւ չկան առկա շենքի մասին ամբողջական նյութեր, որոնք հնարավորություն կտան պահպանելով շենքի առկա պատմական համակառույցը կիրառել այն նախագծային լուծումներում:

Հարգելի պարոն Վարդանյան,
Արդեն մոտ 15 տարի է առնչվում եմ քաղաքաշինության ոլորտի խնդիրներին, մասնավորապես պատմաճարտարապետական ժառանգության պահպանման ու ճարտարապետական միջավայրային խնդիրներին, ու գիտեմ ինչքան հեշտ է մեր երկրում լուծել նմանատիպ խնդիրները: Վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունների տարբեր մակարդակներում Ձեզ կխոստանան (եթե արդեն չեն խոստացել) հանել այդ շենքերը պետության կողմից պահպանվող շինությունների ցանկից, ինչպես արեցին մոտ մեկ տարի առաջ Երեւանի ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճի դեպքում, ինչպես նաեւ արեցին Լեզվի մասին օրենքում (չնայած նրան որ կան բազմաթիվ փորձագիտական կարծիքներ, որոնք պնդում են, որ Ձեր դպրոցը կարող էր եւ գործել առանց նշված օրենսդրական փոփոխությունների): Նաեւ բազմաթիվ օրինակներ կարելի է բերել հենց նույն շինության հարեւանությամբ գտնվող հրապարակի այլանդակման ու առհասարակ Երեւանի 17-19-րդ դարերի պատմական շերտի ավերման մասին, որոնք մարսվել են նախկինում ու ցավոք մեղավորները դեռ ոչ միայն չեն կրել պատասխանատվություն այլեւ շարունակում են բարձր պետական պաշտոններ զբաղեցնել:
Սակայն մի պահ խնդրում եմ ուշադրություն դարձրեք թե ինչպես են հիշելու Ձեզ մեր ապագա սերունդերը: Նմանատիպ հարցերին նայեք Ձեր աչքերով ու մտածեք Ձեր մարդկային տեսակը կարեւորող  անձանց մասին: Ես ինքս մի քանի անգամ բախտ եմ ունեցել ներկա գտնվելու Ձեր անմիջական նախաձեռնությամբ մի շարք  բարձրակարգ երաժշտական միջոցառումների, սակայն եկեք մտածենք մի քիչ ավելի հեռուն: Եթե մենք մեր երկրում չենք կարողանում պաշտպանել ու զարգացնել մեր ազգային մշակույթն ու ժառանգությունը ինչներիս է պետք այս ամենը:

Ես չեմ մեղադրում Ձեզ եւ ոչ էլ մեղադրում եմ Կառավարությանը: Երկուսդ էլ շրջապատված եք վատ խորհրդատուներով ու նրանք ժամանակին, ճիշտ չեն ներկայացնում խնդիրներն ու չեն դիտարկում դրանք տարբեր կողմերից: Կարծում եմ որպես հաջողակ գործարար ու լայն մտածողության տեր անձնավորություն կկարեւորեք ապագայում ոլորտային արհեստավարժ մասնագետ-խորհրդատուների ներգրավումը Ձեր ապագա նախաձեռնությունների ծրագրման ու իրականացման գործում:

Ցանկանում եմ նաեւ խոսել Ձեր մեկ այլ նախաձեռնությանª  Տաթեւի վերածննդի ծրագրի մասին: Այն շատ հոգեհարազատ է ինձ քանի որ նախկինում առնչվել եմ նույն Տաթեւի զարգացման մեկ այլ ծրագրի

Չնայած նրան, որ այն մեծ աղմուկ հանեց իր ճարտարագիտական լուծումներով ու աննախադեպ քարոզչությամբ, այնուհանդերձ այն ստացվեց այնպես ինչպես միշտ ստացվում է: Հիմնադրման հսկայական ներդրումներ, որոնք դառնում են անտեսանելի երբ կան մի քանի մեծ բացթողումներ: Ձեր դեպքում երբ ունեք Ձեզ պատկանող մի շարք կազմակերպություններ ու շատ լուրջ, որակյալ ռեսուրսներ այդ ծրագրի կառավարման ու կազմակերպման ներկա մակարդակը ուղղակի հիասթափեցնող են: Վստահ եմ, որ խորհրդատվական լուրջ ծառայություններ մատուցող Ձեր կազմակերպությունում մարդիկ կան ովքեր կարող են պարզապես Տաթեւի վանական համալիրում ապահովել միջազգային զբոսաշրջային նվազագույն մակարդակին համապատասխան ծառայությունների մատուցման կազմակերպում: Խնդիրը կայանում է նրանում որ հաճախ նման ծրագրերի իրականացման ժամանակ նույն սկզբնական եւ հիմնական գաղափարը այնքան է կարեւորվում, որ այն երկրորդական պլան են մղում շատ ավելի կարեւոր մանրունքներ, որոնք ինչպես գիտեք զբոսաշրջության եւ հանրային ծառայությունների ոլորտում շատ կարեւոր է:
Ցավով եմ նշում, որ այդ խոշոր ներդրումից հետո այնտեղ դեռեւս բացակայում են պարզագույն ցուցանակների համակարգը, հանրային նվազագյուն ծառայությունները եւ ամենակարեւորն է ողջ ծրագրի տրամաբանությունը հաշվի չի առել գյուղի ինտեգրումը զբոսաշրջային ակտիվությանը: Այս ամենը մանրուքներ են, որոք նկատելի են դառնում ու քննվում են միայն ու միայն սրտացավության ու արհեստավարժության դեպքում: Ցավոք Տաթեւի վանական համալիրում ես տեսա միայն խոշոր նեդրման ու զարմացնելու ցանկություն:
Հույսով եմ այս ծրագրի ապագա փուլերում այն կքննվի ավելի համալիր մոտեցմամբ ու հնարավորություն կընձեռնվի ավելի արդյունավետ դարձնելով դրա կառավարումը այն Հայաստանի զբոսաշրջային բիզնեսի ոլորտում կհանդիսանա օրինակելի օրինակ:

Հարգելի պարոն Վարդանյան
Հույս ունեմ, որ իմ այս նամակը կընկալեք որպես սրտացավ անձնավորության անկեղծ կշռադատված պոռթկում, որտեղ չկան ոչ հետին ու առաջնային անձնական, խմբային կամ որեւէ այլ խնդիրներ լուծելու ցանկություն: Կա միայն մեկ ցանկությունª որ մեր հանրային եւ մասնավոր  միջոցները ծախսվեն լավագույնս ու մենք պարզ ճակատով մեր աշխարհասփյուռ հայությանը ցույց տանք որ իրենց ներդրումները նպաստում են իրական արդյունքների արձանագրմանը:

Մեծագույն հարգանքով Ձեր անձին ու գործին,
Սարհատ Պետրոսյան
ճարտարպետ, www.sarhat.am  

Հոդվածը հրապարկվել է ՚Առավոտ՚ թերթի 2011 թվականի հունվարի 11-ին եւ Հետքի 2011 թվականի հունվարի 13-ին։ համարներում։

http://hetq.am/am/society/r-vardanyan-2/ 
http://www.aravot.am/am/articles/guidepark/87258/view