14 April, 2012

ՔԱՂԱՔ Տեսակետ


Հոդվածը տպագրվել է Երևան ամսագրի 2012 թվականի փետրվար համարում։


«ՈւրբանԼաբԵրևան» քաղաքաշինության ժողովրդավարացման ինստուտի համահիմնադիր Սարհատ Պետրոսյանը փորձում է բացահայտել թե ինչու են երևանցիները հավանում շատրվանը, որի տեղում այսօր կանգնած է Կասկադը, ինչպիսի քաղաք է ուզում ունենալ հասարակությունը և ինչպես դրան հասնել։ 

Մի քանի ամիս առաջ առցանց հարցման արդյունքում պարզվեց, որ երևանցիների (կամ գոնե համացանցում ներկայացված երևանցիների) մեծամասնությունը որպես մայրաքաղաքի խորհրդանիշ տեսնում է Կասկադը (նախկինում «Հայաստան» համալիր, այսօր՝ Գաֆեսջյան արվեստի կենտրոն), որը շրջանցել էր Օպերայի հրապարակն ու Աբովյան փողոցը։ Դրանից մեկ-երկու ամիս անց ֆեյսբուքի մի օգտատեր տեղադրեց նույն Կասկադի տեղում գոյություն ունեցած շատրվանի լուսանկարը` 1971-ին հրատարակված օրացույցից։ Այդ նկարի համաֆեյսբուքյան տարածումը (ընդամենը մի քանի տասնյակ «ֆրենդ» ունեցող օգտատիրոջ տեղադրած այս պատկերը հաշված օրերի ընթացքում «շեյրինգի» ենթարկվեց ութ հարյուրից ավելի անգամ) և դրա տակ առկա մեկնաբանությունները վկայում են, որ ներկայիս Կասկադի վերաբերյալ հուզական խոսքերը ի դրև են դարձնում, երբ մարդիկ տեսնում են մի քիչ հին նկար՝ այն էլ կանաչապատված այգի կամ պուրակ։ Մի օգտատեր գրել է այդ նկարը տարածելիս. «Կասկադը ես հավանում եմ, բայց էս շատրվաններին ձեռք չպե՛տք է տրվեր»: Սա միայն մի օրինակ է նրա, թե ինչպես ենք մենք արժևորում հատկապես կորցրածը: Չնայած այն փաստին, որ Երևանը մեզ հնարավորություն է տալիս պարզ ճակատով մեր հյուրերին ցույց տալ ու պարծենալ, դեռևես չի բավարարում մեզ՝ երևանցիներիս։
Մենք կարծես թե գիտակցում ենք, որ մի շատ կարևոր բան կորցրել ենք (բայց չգիտենք ինչը) և վրդովվում ենք յուրաքանչյուր նոր կորստի հետ։ Այսօր մենք պատմական հիշողություն վերստեղծելու ցանկություն ունենք, միայն թե ինքներս չգիտենք թե ինչպես։ Իսկ միգուցե Հյուսիսային պողոտան հենց դա՞ է, երբ 21-րդ դարում միջնադարյան զարդաքանդակներ ենք «նկարում» շենքերի վրա, նշանակում է մենք անցյալը հետ բերելու խնդիր ունենք։ Բայց մեր հին Կասկադի նկարում ամեն ինչ այնքան բնական ու անկեղծ է, չկան միջնադարյան քարե հարթաքանդակներ ու գունավոր հատակներ։ Այնտեղ կա բնության մի դրվագ քաղաքային միջավայրում, որը միգուցե քաղաքներին (այն էլ «համահայկական» մայրաքաղաքներին) հատուկ չէ։ Հին ու նոր Կասկադի այս բախումը ցույց է տալիս, որ համաքաղաքային զրույցը պետք է շարունակել որպեսզի հասկանանք վերջիվերջո ինչպիսի քաղաք ենք ուզում: Դրանից հետո արդեն կարելի է մտածել, թե ումից ենք ուզում։

Դրա համար բնականաբար նախ և առաջ պատասխանատու են ճարտարապետերը, ովքեր ոչ միայն նախագծում են քաղաքը, այլև ենթադրվում է, որ օրակարգային պետք է դարձնեն այս կամ այն խնդիրը կամ նախագիծը։ Եթե ոչ ճարտարապետները, ապա էլ ով կարող է մասնագիտական լուծումները դարձնել իրականություն, նախ և առաջ դրանք դարձնելով հանրամատչելի ու բոլորին հասկանալի։ Բայց մինչ այդ հենց իրենք ճարտարապետները պետք է այդ ամենը քննարկեն իրենց շրջանում։ Նման քննարկումներ եղել են հատկապես 1930-ականներին։ Մի պահ վերադառնանք քաղաքի` իրականում ոչ շատ վաղ անցյալ: 1930-ական թվականների Այդ տարիներին Հայաստանի ճարտարապետների միությունում տեղի էին ունենում շատ լուրջ քննարկումներ մասնագիտական բազմաթիվ գաղափարների ու մոտեցումների շուրջ: Կար մեծ լարվածություն Թամանյանի կենդանության օրոք աշխատած երիտասարդ ու մոդեռնիստ համարվող ճարտարապետների (Հալաբյան, Մազմանյան, Քոչար և այլք) և ավելի փորձառու, ինչ-որ տեղ պահպանողական ճարտարապետների (Թամանյան, Բունիաթյան և այլք) միջև։ Չնայած այդ լարվածությանը, ավագ ճարտարապետները գնահատում էին երիտասարդների մասնագիտական դիրքորոշումն ու տալիս հնարավորություններ դրսևորվելու։ Դրա վառ ապացույցն է 1930-ական թվականներին երկրի գլխավոր (նախկին Լենինի, այսօր՝ Հանրապետության) հրապարակի ներկայիս շատրվանների տեղում նախատեսվող Աշխատանքի պալատի համար հայտարարված բաց մրցույթը։ Դրան հավասար իրավունքներով մասնակցեցին Հանրապետության գլխավոր ճարտարապետին համարժեք պաշտոն ունեցող Թամանյանը, Երևանի այն ժամանակ գլխավոր ճարտարապետ Բունիաթյանը, նշածս երիտասարդներն ու այլ ճարտարապետներ։ Կարո՞ղ եք պատկերացնել այս օրերում նման երևույթ։ Ավելին՝ նախորդ տարի ճարտարապետների միությունում Կառավարության շենքի գմբեթի քննարկման ժամանակ բազմաթիվ մասնագետներ առաջարկում էին հետաձգել «թամանյանական» գմբեթի կառուցումը քանի որ մենք այսօր իվիճակի չենք այն իրականացնել պատշաջ կերպով (հավանաբար ցանականալով խնդիրը հետաձգելով փրկել Հանրապետության հրապարակը) մեր շատ փորձառու ճարտարապետներից մեկը ի լուր դահլիճի արտահայտեց մոտավորապես, թե մենք վստահ չենք որ մեզնից հետո եկողները ավելի լավ են լինելու... Սրանով ամեն ինչ ասված է։ Այսօր վտանգված է հենց այդ նույն փորձառու համարվող սերունդի ճարտարապետությունը, որի կարևորագույն նմուշներից կորցրեցինք Երիտասարդության պալատը, ամբողջովին աղավաղվել են «Առագաստ» սրճարանն ու օղակաձև զբոսայգին, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, բազմաթիվ այլ կառույցներ։ Չորս տասնամյակ չբոլորած դեռևս կենդանի մի սերունդի պատմություն, որն այսօր կարելի է համարել Երևանի քաղաքային կյանքի վերջին արժեքավոր դրվագներից մեկը, կարող է մոտ ապագայում վերանալ։ Էլ չենք խոսում այն մասին թե միգուցե շուտով պաշտպանության ու արժևորման կարիք կունենան հետանկախության շրջանի շենքերը, և հավատացեք նորից նույն մարդիկ ովքեր այսօր արժևորում է 18-20-րդ դարերը, նորից լինելու են այդ շենքերի կողքին։ Անձնական համոզմունքս է ու կարծում եմ բազմաթիվ գործընկերներ կհամաձայնեն, որ քաղաքային պատմության գրեթե ցանկացած շերտ ենթակա է պահպանման ու արժևորման, անկախ դրա արժեքից։

Հաճախ արժևորում բառի կիրառումն էլ է մարդկանց շփոթեցնում։ Շատերը կարծում են երբ ասվում է արժևորում կամ պահպանում ի նկատի ունենք, որ մարդիկ պետք է ապրեն հողաշեն տներում ու օգտվեն բակերում գտնվող սանիտարական «հնարավորություններից»։ Ամենևին նման խնդիր չկա։ Խնդիրը կայանում է մի շարք քաղաքաշինական չափելի տարրերի օգնությամբ (կառուցվածք, մասշտաբ, համաչափություն, հյուսվածք, շինարարական նյութեր, տեքստուրա և այլն) և արդի, ընդունված լուծումների կիրառմամբ իրականացվող շինարարական գործունեություն ծավալելու մեջ։ Այսինքն, եթե այսօր Նորք Մարաշ վարչական շրջանում գտնվող Չինարի ծառ կոչվող հրապարակում, որը Երևանում 18-րդ դարի իր քաղաքաշինական իրավիճակը գրեթե պահպանած միակ կետերից է, ցանկանանք ինչ-որ միջամտություն կատարել, ապա պետք է այդ չափելի համարվող տարրերը պահպանել որպեսզի միջամտությունից հետո այնտեղ բնակվողն ու այցելուն չկորցնի իր տարածության ընկալման այսօր մեզ հասած տպավորությունը։ Դա ամենևին չի նշանակում որ այստեղ կառուցվող շենքերը պետք է կրկնեն 18-րդ դարի շենքերը (չնայած դա ևս լուծում է), այլև դրանք վերը նշված չափելի տարրերից գոնե մի քանիսին պետք է հղում տան։ Հավատացեք, որ կան բազմաթիվ գործիքներ, որոնք գրեթե ամբողջական լուծումներ են առաջադրում այս բոլոր մարտահրավերներին։

Այս ամենով հանդերձ, դժվար է վերջնական լուծումներ առաջադրել, քանի որ խոսքը գնում է քաղաքաշինության մասին։ Այն նախկինում ճարտարապետության պես համարվում էր տեխնիկական գիտության ու արվեստի միախառնում։ Սակայն այսօր թե ճարտարապետությունը, թե առավել ևս քաղաքաշինությունը հանդիսանում են իրավագիտության, ժողովրդագրության, հասարակագիտության, հոգեբանության ու ավանդական տեխնիկական ու արվեստակերպարային խնդիրների համակարգ։ Այն օրեցօր դառնում էլ ավելի անկառավարելի ու անհասկանալի խնդիրների կծիկ, որն էլ դժվարացնում է վերջնական լուծումների առաջադրումը։
Բոլորովին վերջերս ճարտարապետության ավարտական կուրսի իմ մի խումբ ուսանողերի հետ զրույցի ընթացքում ներկայացնում էի թե Կասկադը երևանցիների ամենասիրված վայրերից է ու անհամարձակ փորձում էի ներկայացնել մի քանի նկատածս պատճառները թե ինչու է այդպես։  Օրինակ, սա քաղաքի միակ բարեկարգ հատվածն է, որտեղ լավագույն կերպով համատեղված է կանաչ տարածքը, հետիոտն-քաղաքային շարժումը, փոքր ճարտարապետական ձևերը՝ քանդակները։ Նաև շատ կարևոր է եղած բնակելի շենքերի հին ու համեմատաբար համեստ կենսակերպով բնակիչների ու առաջին հարկերում առաջացած ակտիվ քաղաքային սրճարանների հաշտ գոյակցությունը։ Փորձում էի բացատրել, որ չկան վերջնական ու բոլորի կողմից ընդունելի լուծումներ, որի արդյունքում առաջադրվեց հաջորդ հարցը. «այդ դեպքում ինչպե՞ս պետք է ընդունեք ճիշտ որոշումներ»։ Անհրաժեշտ է այդ անվստահությունն էլ դնել ամեն ինչի հիմքում: Այսինքն, քաղաքի հետ վարվել այնպես, կարծես գիտակցում ես, որ դու սխալվում ես, դրա համար էլ փորձում ես անել այնպես, որ քայլերդ չլինեն գլոբալ վիրահատություններ, այլ միայն փոքրիկ շտրիխներ, որոնք կլրացնեն պատկերը, այլ ոչ թե կկատարվեն ուրիշ շերտի կամ ուրիշի ունեցվածքի հաշվին։ Քաղաքային պատմությունը կերտվում է փոխլրացման հիման վրա:


Սարհատ Պետրոսյան




© 2009 - 2012 /// Sarhat Petrossian