17 June, 2012

Օլիգարխից պետք է վերցվի սեփականությունը

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան
Հղումը՝ http://www.lragir.am/armsrc/interview66027.html

Քաղաքաշինարար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ զրուցել ենք Մաշտոցի պողոտայի Փակ (Ծածկած) շուկայի խնդրից

Սարհատ, կիրակի օրը երեկոյան ահազանգեցին, որ քանդում են «Փակ շուկայի» տանիքը, այս պահին քանդման աշխատանքները դադարեցված են, և պարզվել է, որ չկա քաղաքապետարանի թույլտվություն, հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն: Մաշտոցի պուրակից քաղաքացիական պայքարը տեղափոխվում է Փակ շուկա՞:
Շատ կուզեի, որ 21-րդ դարի մեր պատմության մեջ, ինչպես և 5-րդ դարում, Մաշտոցը նորից նման կարևոր դերակատարություն ունենար, և Մաշտոցի այգու տրամաբանական շարունակությունը լինի Մաշտոցի շուկան, բայց սա զուտ ցանկություն է: Սա վերջին 15 տարվա մեր պահվածքի տրամաբանական շարունակությունն է, ուղղակի այս անգամ տեղի է ունենում լկտիության հասնող անօրինականություն, երբ օլիգարխը ձեռնոց է նետում ամբողջ համակարգին, մասնավորապես տեղական ինքնակառավարմանը: Այսինքն` սա Մաշտոցի այգու տրամաբանական շարունակությունն է այն իմաստով, որ մի դեպքում պետությունը ձեռնոց նետեց տեղական ինքնակառավարմանը, այս անգամ օլիգարխիան է ձեռնոց նետում տեղական ինքնակառավարմանը: Ըստ իս՝ Սամվել Ալեքսանյանը պետք է պատժվի ամենախիստ դրսևորմամբ, և պետք է օլիգարխ-սեփականատիրոջ ձեռքից վերցվի սեփականությունը, որը տեղավորվում է օրենքի տրամաբանության մեջ: Մի շարք եվրոպական քաղաքակիրթ երկրներում այդպես էլ անում են. եթե դու ի վիճակի չես պահպանել ժառանգությունը, ապա դու իրավունք չունես լինել նրա սեփականատերը: Եվ կարծում եմ, որ եթե այս տրամաբանությամբ ընթանա ամբողջ գործընթացը, կարելի է նման պահանջ ձևակերպել հասարակության կողմից:

Սարհատ, Մաշտոցի պուրակում օլիգարխը պարտվեց, սակայն այն ժամանակ նախընտրական գործընթացներ էին, լսվեց քաղաքացիական հասարակության ձայնը: Այս անգամ դարձյալ օլիգարխ-պատգամավոր է կանգնած, ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է նրա կամայականությունները զսպել:
Ամբողջ աշխարհում գործում են ընտրություններին դիվիդենտներ ստանալու «օրենքները»: Միգուցե հաշվի առնելով երկրի տնտեսական և քաղաքական իրավիճակը`ավելի երկարաժամկետ պլանավորում է գնում ձայներ ստանալու, բայց բոլոր տեղերում է այդպես, իշխանությունը լսում է ժողովրդի ձայնը դիվիդենտներ ստանալու համար ընտրական ձայնի տեսքով։ Ես դրանում խնդիր չեմ տեսնում, ուղղակի մի քիչ ցավում եմ, որ դա եղել է վերջին օրը: Սա մարտահրավեր էր տեղական ինքակառավարմանը, որովհետև դա քաղաքապետարանի տեղական ինքնակառավարման մակարդակում լուծվելիք խնդիր էր, այլ ոչ նախագահի մակարդակով, թեև շատ ուրախ եմ, որ լուծվել է: Եթե Փակ շուկայի դեպքում չկա որևէ ընտրական խնդիր, բայց երկարաժամկետ իշխող կուսակցության վարկը պահպանելու համար ենթադրվում է, որ պետք է գնալ կոշտ քայլերի, որն ամրացնելու է իշխանությանը ընտրություններից հետո, մասամբ կարող է փարատել ընտրություններին նկատված խնդիրները: Եվ սա հնարավորություն է իշխող թիմին գնալ այդ քայլին և ստիպել տնտեսապես բավական հզոր մի ուժի աշխատել օրենքի շրջանակում, ոչ թե սեփական շահը մեծացնելու և ինչ-որ մի փոքր բիզնես խեղդելու, այլ երկրի մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություն չիրականացնելու համար:

Քաղաքապետարանի կողմից չկա որոշում, այս պահին աշխատանքները դադարեցված են, ասվում է, որ չի փոխվելու շուկայի ճարտարապետական տեսքը, որ այս ամենը վերականգնման նպատակ ունի: Եթե ճարտարապետի աչքերով նայեք, մի՞թե անհնար է պահպանել նրա ճարտարապետական տեսքը:
Ճարտարապետի աչքով կարող եմ նայել, երբ կլինի ճարտարապետական նյութ, այսօր չկա նախագիծ, կա տեքստով ցանկություն, որ մենք ուզում ենք տակը սարքել ստորգետյա կառույց, մշակույթի նախարարության ինչ-որ մի չինովնիկ գնացել է գործարքի, ասել է, որ սարքի, ինչի իրավունքը մշակույթի նախարարությունը չունի: Ավելին ասեմ, այն կիսագրագետ մարդկանց 24.000 հուշարձանի պահպանություն է վստահված, Երևանի կենտրոնում մշակույթի նախարարությունից կես կիլոմետրի վրա չեն կարողանում շուկան պահել, 300 մետր հեռավորության վրա ԱՕԿՍ-ի շենքը չեն կարողանում պահել, ավելին, գնում են գործարքի օլիգարխի հետ, որը գիշերով շինարարություն է անում, գնում են գործարքի գրավոր համաձայնության հիման վրա, ասել են՝ սարքի նկուղը, հետո նախագիծը կբերես: Չորս անգամ նախագիծ է բերում, իրենք չեն ընդունում, բայց էլի աչք են փակում: Ես երբեմն խղճում եմ, երբեմն զարմանում եմ այդ մարդկանց անկարողության վրա: Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը ազնիվ է, ուզում է ինչ-որ բան անել, բայց ի վիճակի չէ, քանի որ այս թելերը գնում են Երևանի գլխավոր ճարտարապետի ձեռքերով, և հանուն օլիգարխի շահերի զոհում է մշակույթի նախարարությանը իր խեղճ ու կրակ աշխատակազմով: Արև Սամուելյանը ինչքան էլ ցանկանա օգնել, ի վիճակի չէ, բայց Երևանի գլխավոր ճարտարապետի սարքած բուրգը հնարավորություն չի տալիս, նրանք օգտագործվելու են և նետվելու են մի կողմ:

Իսկ այն, որը տեսքը կպահպանվի, ինչո՞ւ հավատ չի ներշնչում:
Ես չեմ հավատում այլևս որևէ պետական չիովնիկ ճարտարապետի: Սակայն տեսականորեն, այո, հնարավոր է վերականգնել, բայց այն մարդիկ, ովքեր թույլ են տվել քանդել, չունեն մասնագիտական ու մարդկային կարողություն: Քանի դեռ Նարեկ Սարգսյանը այս ոլորտում թիվ մեկ դերակատարն է, չի լինելու նման բան, ասելու է` հա լավ, ինչ է եղել որ, Հյուսիսային պողոտան քանդել սարքել եմ, սա էլ կքանդեմ- կսարքեմ, որի հաջորդ քայլը Հռիփսիմեի գմբեթի փոփոխություն է լինելու: Այսօր պետք է 100 տոկոսանոց նախագիծ քննարկվի ծածկից մինչև բռնակ ու գովազդային վահանակ, դրվի մասնագիտական քննարկման, համաձայնություն տրվի մինչև վերջին մարդը, դրանից առաջ ոչ կառուցապատող, ոչ որևէ չինովնիկ չի կարող այդ կառույցում գործունեություն ծավալել:

Ստեղծվել է նաև հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի ստեղծված իրավիճակը: Որքանո՞վ են մասնագետներ ներգրավված:
Այս խնդիրը պետք չէ տանել ճարտարապետական դաշտ, սա իրավական դաշտի խնդիր է, որը շատ ավելի կարևոր է: Իրավական դաշտում կատարվել է հանցագործություն, օրենքի խախտում, և մարդիկ պետք է ենթարկվեն պատասխանատվության, իսկ ճարտարապետական լուծումները երկրորդական խնդիրներ են:

Սամվել Ալեքսանյանին կարծում եք հնարավո՞ր է պատասխանատվության ենթարկել:
Ես կարծում եմ` սա հենց այն կետն է, որտեղ կարելի է դա անել: Մաշտոցի այգին ձգվեց ռեզինի պես, բայց արդյունք տվեց, եթե վերջնական նպատակին հասավ, այգին պահպանվեց, նույնը այստեղ է լինելու, և սա պետք է շարունակաբար ճնշումների ենթարկվի, բայց նորից եմ ասում, պետք է դրսևորվի նախևառաջ քաղաքական կամք:

Բացի այդ, այստեղ նորից կա գույքի, հանրային ժառանգության խլման խնդիր, և կա օլիգարխիայի գործոնը: Միակ բանը, որ ցավ է պատճառում, շրջակա շենքերի բնակիչների ռեակցիան է, որոնք կողմ են արտահայտվում, որովհետև կարծում են, եթե սա տեղի չունենա, ապա նախկին կռիսանոցն է մնալու: Շենքի բնակիչների հետ պետք է աշխատանք տանել, նրանց բացատրել, որ այս շենքը պահպանելով կարող ենք նաև չունենալ այդ հակահիգենիկ վիճակը: Եթե ֆունկցիայի փոփոխությունն արվում է տակտով, պրոֆեսիոնալ, նման խնդիր չի հարուցվում: Ամերիկյան բազմաթիվ տեղերում եկեղեցիները վերածվել են բնակելի շենքերի, երկաթգծի կայարանները թանգարանի, շուկա կա Բարսելոնայում, որ վերածվել է բնակելի շենքի… հնարավոր է գտնել լուծումներ, բայց հնարավո՞ր է արդյոք մեր պարագայում գտնել սկզբունքային պրոֆեսիոնալ չինովնիկներ, կարծում եմ` դժվար է:

Եթե այսպես շարունակվի, մենք կսպառենք մեր նախկին մշակութային ժառանգությունը, կվերածվեք առանց հիշողության, միջին մակարդակ ունեցող մի հասարակության, որի համար վաստակավոր երաժիշտներ, ճարտարապետներ են դառնում գիտենք ովքեր, մրցանակներ են ստանում գիտենք ովքեր, և կդառնանք շարքային հասարակություն, կենացների ժամանակ կհիշեն Թամանյանին, բայց իրականում կգան և կտեսնեն Նարեկ Սարգսյանի գծած այլանդակ շենքերը:

Այսօր կա մեկ այլ ավելի ցավալի գործընթաց։ Ճարտարապետական կոռումպացված բուրգի գագաթին նստած Նարեկ Սարգսյանը կերակրում է ճարտարապետական փոքր երիտասարդական ընկերություններին և իր տեսակն է բազմացնում, որ հետո խնդիր չունենա: Այսինքն` մենք նարեկսարգսյաններից չենք ձերբազատվելու, և սա ես ասում եմ մեծ ցավով։

Մեկ այլ նոր մարտահրավեր էլ է առաջանում, այն անգամ մասնագիտական դաշտից դուրս։ Մինչ այսօր քաղաքացիական հասարակությունը ակտիվորեն օգտագործում էր սոցիալական ցանցերը, բայց դա սկսել են կիսել նաև քաղաքացիական հասարակության մեր կողմից ընունելի հայացքներ չունեցող, այլ գաղափարներ ունեցող մարդիկ, մենք տեսանք բազամազանության մշակույթի երթի ռեակցիան: Խնդիրը ձևավորում է ակտիվ մասսա, որն իր կայացման համար սկսել է օգտագործել սոցցանցերը, բայց որտեղ արդեն կան ոչ քաղաքացիական հասարակության կարծիքը կիսող մադրիկ: Ֆեյսբուքով մեզ թվաց բոլորս իրար գտանք, վերջ, բայց տեսանք որ ոչ: Սա նոր մարտահրավեր է քաղաքացիական հասարակությանը: Գործիքները, որոնց մենք տիրապետում էինք, հիմա սկսել են տիրապետել ուրիշները: Մենք նոր գործիքներ պետք է հայտնաբերենք, որոնցով պետք է դիմակայենք այդ մարտահրավերներին:

Ամփոփելով մի քիչ էլ դրական բաներ ասեմ։ Կարծում եմ` մեր երկրի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն է, որ ինքն անհույս կորած չէ, որովհետև մենք ունենք հաջողություններ, որոնք մեզ հույս են տալիս մյուս խնդրի լուծման համար պայքարել, իրականում այդպես է հաջողություն լինում: Ու այսպես շարունակ մինչև մեր պատկերացրած Նոր Հայաստան։


© 2009 - 2012 // UrbanLabYerevan - Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am

Քաղաքաշինությունն ու նոր Կառավարությունը

Հոդվածը հրատարակվել է Անկախ շաբաթաթերթի մայիսի 16-ի, 2012թ.-ի համարում։ Տես հղումը՝ http://ankakh.com/2012/05/206745/

Հավանաբար այն ժամանակ երբ այս նյութը հրատակարվելիս լինի արդեն ամփոփված կլինեն Ազգային ժողովի 2012 թվականի ընտրություններն ու արդեն քննարկվելիս կլինեն նոր կառավարության կազմման պատասխանատուներն ու դրա սկզբունքները։
Հաշվի առնելով քաղաքաշինության և առհասարակ մարդածին միջավայրում (built environment) տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ հասարակության վերջին տարիների դժգոհությունները, ինչպես նաև նախընտրական շրջանում ԱԺ-ում շոշափելի մասնակցության շանսեր ունեցող ուժերի խոստումները ոլորտում առկա խնդիրների լուծման վերաբերյալ որոշեցի ներկայացնել մի շարք առաջարկություններ, որոնք կարող են էականորեն փոխել իրավիճակը նշված ոլորտում։ Բնականաբար դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է քաղաքական կամքի առկայություն, որից հետո բազմաթիվ տրամաբանական ու իրատեսական լուծումներ կարելի է գտնել դրանց իրականացման համար։
Մինչ դրանց անցնելը պետք է նշել, որ այսօր էլ թե՛ ՀՀ-ում գործող օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, թե՛ ՀՀ կառավարության ստորաբաժանումներում վարչական պարտականությունների բաշխումը տալիս են հնարավորություն, ցանկության, կրկնում եմ ցանկության դեպքում, ապահովել ոլորտի որակյալ ու խելամիտ կառավարում։ Սակայն երբեմն ցանկության բացակայության կամ այլ պատճառներով ոլորտում առկա խրթին կառավարման կառուցվածքում ու պայմաններում հնարավոր է լինում պատասխանատվության վերահասցեվորման ու “լղոզման” միջոցով խուսափել խնդիրների հասցեատերը լինելուց։

Մարդածին միջավայրում կատարվող փոփոխությունները (այսուհետ՝ քաղաքաշինական գործունեություն) իրականացնելու համար տարբեր մակարդակներում ու տարբեր դեպքերում ՀՀ-ի տարածքում պատասխանատու են քաղաքաշինության, մշակույթի և բնապահպանության նախարարությունները։ Կցանկանայի նշել նաև էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող տուրիզմի ոլորտը կարգավորող վարչությունը, որն ինչպես կտեսնեք ունի, կամ ավելի ճիշտ պետք է, սերտ կերպ վերոնշյալի ոլորտներում իրականացվող ծրագրային զարգացման իրականացման հետ։
Այսօր, քաղաքաշինության նախարարությունը հիմնականում իրականացնում է շինարարության նախարարության պարտականությունները։ Վերջին տարիներին բազմաթիվ վիճահարույց խնդիրների վերաբերյալ նրա կրավորական կեցվածքը ցույց է տալիս, որ չկա հստակ գիտակցում թե ինչպիսի լայն ընդգրկում պետք է ունենա նախարարությունը՝ երկրի ողջ տարածքում տեղի ունեցող կառուցողական ու զարգացման գործընթացների վերաբերյալ։ Նախարարության այսօր քաղաքաշինական քաղաքականության մասով հիմնականում իրականացնում է բնակավայրեր համար քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման հետ կապված ընթացիկ խնդիրներ, ինչպես նաև ոլորտին վերաբերող մի շարք միջազգային պարտավորությունների շրջանակում “պարտադրված” օրենսդրական ու ենթաօրենսդրական փաստաթղթերի մշակում։ Թե առաջինը, թե երկրորդը գրեթե զրոյական ազդեցություն են ունենում երկրում ավելի բարվոք միջավայրեր ունենալու գործում, քանի որ նշված փաստաթղթերը թե՛ մշակման մակարդակով, թե՛ տեղեկավտության թափանցիկ տարածման առումով հեռու են անհրաժեշտ որակական ու տեխնիկական պահանջներին բավարարելուց։ Դրանցում ոչ միայն ըստ արժանվույն չեն ներկայացված դրանց բուն էությունն ու դրանց իրացման փաստական ու կիրառական լուծումները, այլև նույնիսկ առկա վիճակով հասու չեն ոչ միայն քաղաքացուն, այլև՝ մասնագետներին։ Տեսականորեն այսքանով չպետք է ավարտվեն  նախարարության լիազորությունները, սակայն այսօր ցավոք նախարարությանը մերձ մասնագիտական շրջանակներում քաղաքաշինական գործունեության հիմնական բաղադրիչների վերաբերյալ պատկերացումները սահմանափակվում են այսքանով։ Ներկա համաշխարհային փորձից ելնելով ու մեր ներկա իրողության պայմաններում նախարարությունը քաղաքաշինական քաղաքականության իրականացման շրջանակում պետք է մշակեր նաև նորմատիվային ու ենթաօրենսրդական բազմաթիվ փաստաթղթեր՝ ստեղծելով ազգային պլատֆորմ, բնականաբար կիրառելով համաշխարհային փորձը, և որ ամենակարևորն է հետևեր դրանց կիրարկմանը։ Այսօր թե քաղաքաշինության, թե մշակույթի նախարարությունները գրեթե չունեն լծակներ խոշոր քաղաքներում (մասնավորապես Երևանում) որպես պետական լիազոր մարմին հանդես գալ ու իրականացնեն իրենց օրենքով վերապահված լիազորությունները։  Դրա արդյունքում իրենց մնում է միջին ու փոքր բնակավայրերի խնդիրներով զբաղվել, որն էլ ունի իր ռիսկերը, քանի որ դրանք պահանջում են ունիկալ մոտեցումներ կախված բնակավայրի զարգացման պատմական անցյալից ու ներկա իրավիճակից, որոնց համապատասխան՝ անհատական մոտեցում ցույց տալու կարողություններ գրեթե չկան։ Օրինակի համար քաղաքաշինության նախարարությունը վերջին տարիներին արդեն երկու անգամ մշակել է տիպային բնակելի տների օրինակների ալբոմ, որոնց կառուցման դեպքում չի պահանջվում թույլտվություն։ Սա նման խորհրդային տարիներին Ռուսաստանի Սիբիրի, Ղազախստանի ու միևնույն ժամանակ Երևանի համար մշակված բնակելի տների տիպային նախագծերը։ Նույն նախարարությունը, որն իրավասու է Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի դրույթների իրականացման համար, մշակելով նման նախագծեր զարկ է տալիս հակա-լանդշաֆտային գործողությունների։ Այս մոտեցումները արդեն մոտ 20-30 տարիների է ինչ համաշխարհային մասնագիտական շրջանակների կողմից մշտապես դրվատանքի են ենթարկվում։

Մշակույթի նախարարության հատկապես պատմության և մշակույթի հուշարձանների բլոկը նյունպես մոռանալով իր հիմնական խնդիրների վերաբերյալ ոչ միայն ամբողջովին չի կատարում պետության կողմից պահպանվող ու պետական սեփականություն հանդիսացող հուշարձանների պահպանության հետ կապված աշխատանքները, այլ ավելի անփույթ  կերպով իրականացնում է մասնավորի ենթակայության տակ գտնվող հուշարձանների պահպանության գոնե ֆորմալ կողմը։ Դրա վկան Մաշտոցի պողոտայի Ծածկված շուկան է, կամ Երևանի կենտրոնում տեղի ունեցող բազմաթիվ մեծ ու փոքր նախագծեր։ Լավ պատկերացում կազմելու համար թե ինչպիսին է այս վերաբերումունքը հուշարձանների վերականգնման ոլորտի վերաբերալ տեղեկացնեմ, որ ՀՀ պետական բյուջեն 2012 թ.-ի համար նախատեսել է ընդհամենը 215 միլիոն դրամ հուշարձանների վերականգնման համար։ Այն հազիվ թե բավարարի մեկ միջին չափի հուշարձանի որակյալ վերականգնման համար։ Նախկինում ևս այս պատկերի ներկայացման ժամանակ հարց է հնչել թե. պետությունը որտեղի՞ց տրամադրի սրանից ավել գումար։ Պատասխանը տալիս է նույն բյուջեի նույն նախարարությանը տրամադրվող գումարների դիտարկումը: 2012-ին պետական բյուջեն ծրագրել է ծախսել 673 միլիոն դրամ (մոտ 3 անգամ ավել գումար) Օպերայի և բալետի ներկայացումների համար, ավելին նախատեսվում է 1 միլիարդից (4.5 անգամ ավել) ավել գումար ծախսել հայ գրատպության 500 ամյակի կապակցությամբ (որի մեջ չեն մտնում այս կապակցությամբ մարզային և այլ գրադարանների համար ծախսվող գումարները)։
Նման վերաբերմունքի պատճառը ենթադրում եմ ժառանգության իրական արժեքի ու դրա պահպանությունից բխող ավելացած արժեքի վերաբերյալ պատկերացումների վերաբարյալ պատկերացում չունենալն է։ Քանի որ մեզ մոտ, ցավալի կերպով գումարների բաշխման տրամաբանությունը կախված է դրանց ետ վերադարձելիության հավանականությունից պետք է կատարվեն գլոբալ կառուցվածքային փոփոխություններ։ Մասնավորապես եթե տուրիզմը հռչակվել է որպես տնտեսության զարգացման գերակա ճյուղ կարելի է կիրառել եվրոպական բազմաթիվ երկրներնի փորձը, որտեղ տուրիզմը դիտարկվում է մշակութային ժառանգության մի մասը։ Այսինքն եթե այսօր էկոնոմիկայի նախարարության կազմում գործող տուրիզմի զարգացման ուղղությամբ աշխատող (և 2012-ին հուշարձանների վերականգնման գումարի քարրորդ մասի չափով՝ 50 միլիոն դրամ ծախսել ցանկացող) մարմինը համատեղվի հուշարձանների վերականգնման համար պատասխանատու լիազոր մարմնի հետ ապա հուշարձանի վերականգնումն ու պահպանումն արդեն կդիտարկվի որպես բիզնես ծրագիր։ Չնայած նրան, որ ոչ միշտ է նպատակահարմար ժառանգության պահպանությունը դիտարկել առաջարկ-պահանջարկ տրամաբանությամբ, սակայն այս խնդիրների դիտարկումը մեկ մարմնում կարող է էականորեն փոխել իրավիճակը ու տարբեր աղբյուրներից ստացվող գումարների ճիշտ կառավարումը։

Բնապահպանության նախարարությունը անտառների և բնական պաշարների կառավարման ֆունկցիաներից ազատվելուց հետո զգալի կերպով կորցրել է իր դերակատարությունը։ Այն վերածվել է հիմնականում շրջակա միջավայրի համար վնասակար որոշումներ դակող, երբեմն չդակող մի մարմնի, որի համար անհրաժեշտ է միայն վերհսկիչ ֆունկցիաներ։
Վերոնշվածներով ամենևին չեմ հավակնում տալ նշված նախարարությունների բոլոր կանոնադրային ու կառուցվածքային բաղադրիչները, սակայն կարծում եմ ներքոնշյալ առաջարկությունների համար մատնանշված խնդիրների դուրս բերումը կարող է էականորեն նպաստել ոլորտում առկա հասարակության ու ինչ ոչ նաև իշխանության անբավարարվածությունը։ Ելնելով այս ամենց առաջարկում եմ.

Ա) Ստեղծել ՀՀ կառավարությանը առընթեր Կայուն զարգացման (կամ քաղաքաշինական գործունեության) պետական կոմիտե, որին վստահել քաղաքաշինության նախարարության միայն քաղաքաշինական քաղաքականության վերահսկման և բնապահպանության նախարարության վերահսկողական ֆունկցիաները։ Այդ կոմիտեն պետք է ունենա գրեթե այն ֆունկիցիաները, որոնք տրված են եղել խորհրդային տարիներին Պետշին կոչվող հիմնարկությանը։ Այն պետք է կոշտ վերահսկողություն իրականացնի մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտներում եթե դրանք ենթադրում եմ քաղաքացիների ապրելու միջավայում փոփոխություններ։ Նրանում պետք է հստակ մեխանիզմներ մշակվեն հանրային սեկտորի ներազդման, ինչպես նաև մասնագիտական տեղական ու արտերկրյա միավորների ներգրավման համար։

Բ) Ստեղծել Մշակույթի և տուրիզմի նախարարություն (կամ ժառանգության և տուրիզմի) որին վերապահել խոշոր զարգացման ծրագրերի մշակելու ու իրականացնելու իրավունք պարտավորվելով դրանք համաձայնեցնել վերոնշյալ Կայուն զարգացման նախարարության հետ։

Այս մոտեցման հաջողության գրավականը պետք է լինի նախ և առաջ կադրային նոր քաղաքականությունը։ Քաղաքաշինության և հուշարձանների վերականգնման ոլորտում ներգրավված անձինք (բացառությամբ մի քանիսի) ունեցել են տարբեր տեսակի մասնակցություն այդ ոլորտների քաղաքականության մշակման և իրականացման գործում վերջին տասնամյակում։ Այդ քաղաքականության տապալման արդյունքում ցավոք այդ նույն անձինք ի վիճակի չեն լինելու իրականացնել նշված բարեփոխումները, սակայն նրանց փորձը կարող է և պետք է օգտագործել ապագա ծրագրերում։ Անհրաժեշտ է խոշոր մասշտաբով նոր կադրեր ներգրավել այս ոլորտներում ովքեր թե արդի մասնագիտական կարողություններ, թե կազմակերպչական (հանրային կառավարման), թե քաղաքացիական գիտակցության առկայության պայմաններում որակապես նոր հարթությունում կդնեն մեր երկրի մարդածին միջավայրի որակը։


Սարհատ Պետրոսյան
ՈւրբանԼաբ Երևան – Քաղաքաշինության ժողովրդավարացման ինստիտուտ




© 2009 - 2012 // UrbanLabYerevan - Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին


Հոդվածը հրատարակվել է Անկախ շաբաթաթերթի 2012թ.-ի հունիսի 7-ի համարում։ 
Տես հղումը՝ http://ankakh.com/2012/06/215327/

Բաց նամակ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Հարգելի պարոն նախագահ,
Նախորդ շաբաթ հասարակությունն ու լրատվական դաշտը հերթական անգամ ալեկոծվեցին` լսելով Երևան քաղաքի սրտում գտնվող Ծածկած շուկայի քանդման մասին նորությունը: Ինչպես և նախկինում, մենք` երիտասարդ ճարտարապետներս ու հասարակության այլ պրոֆեսիոնալ խմբերի ներկայացուցիչներ, մի կողմ թողեցինք մեր աշխատանքն ու լծվեցինք պաշտպանելու հերթական ավերվող հուշարձանն ու մեր քաղաքի պատմական հիշողությունը:
Մի քանի օրվա ընթացքում այնպիսի կոպիտ խախտումներ բացահայտվեցին, որոնց համար բազմաթիվ մարդիկ ոչ միայն սերունդերի առջև պետք է պատասխան տան, այլև հենց այսօր, քանի որ նրանց իրավական պատասխանատվության ենթարկելու բոլոր հիմքերը կան:
Այս պահին վստահ եմ` խնդրի լրջության վերաբերյալ արդեն իսկ հստակ ձևակերպված պատկերացում կա, և մոտ ապագայում կշտկվեն շենքի ամբողջականությունը խաթարող լուծումներն ու անհրաժեշտ միջոցառումներ կիրականացվեն: Հուսով եմ նաև, որ որոշ անձինք պատասխանատվություն կկրեն ոչ թե փարատելու համար մեր վրդովմունքը, այլ միայն և միայն նրա համար, որ բոլորը գիտակցեն` 2012 թվականից Հայաստանում մշակութային ժառանգության դեմ ցանկացած ոտնձգություն այլևս անպատիժ չի մնալու, ինչպես եղել է նախկինում:
Այսօր զոհասեղանին է դրված Երևանի պատմամշակութային միջավայրի գոյությունը: Այս օրերին ավելի քան երբևէ լսում ու խոսում ենք անդառնալի կորուստների մասին, բայց և այնպես այդ գործընթացները շարունակվում են նույն ոգով, անշեղորեն: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում մեր համընդհանուր ժառանգության այնպիսի կառույցներ են ոչնչացվել, ինչպիսիք են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը Սարյան փողոցում, Սևան հյուրանոցի վերջին հատվածը` արդարադատության նախարարության շենքը, Աբովյան փողոցում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի հետնամասը և այլն:
Սրանցից յուրաքանչյուրի մասին հնարավոր է բերել ինչ-որ տեխնիկական կամ իրավական հիմնավորում. մեկը պահպանվող հուշարձանների ցուցակում չի եղել, մյուսը հուշարձան է եղել, բայց աղճատվել է ու այրվել, մյուսի համար էլ մեկ այլ հիմնավորում կգտնվի:
Ցավով եմ նշում, որ այս բոլոր խնդիրների իրավական ու հոգեբանական նախադրյալները, որոնք վարպետորեն մշակվել են նախկինում ու հղկվել կատարելության աստիճանի, հուշում են, որ վտանգված է մեր ժողովրդի ժառանգության մաս կազմող ցանկացած կառույց: Այս իրավիճակի համար մեղքի մեծ բաժին ունենք մենք` ճարտարապետներս՝ որպես մասնագիտական հանրույթ, ի դեմս մեր միակ մասնագիտական միավորման՝  Հայաստանի ճարտարապետների միության: Բայց հանրույթի ու միության վարկաբեկումն ու լուսանցքում հայտնվելը ևս նշված տարիների ընթացքում իրականացված գործընթացների տրամաբանական շարունակությունն են: Այդ ամենի համար իրականացվել է փայլուն քարոզչական աշխատանք, ու այսօր երբեմնի ճարտարապետությամբ հպարտացող մեր հասարակությունում ճարտարապետներն այլևս չեն արժանանում նախկին հարգանքին ու ակնածանքին:
Այս բոլոր գործընթացներն ունեն միևնույն ձեռագիրը, մշակվել ու ղեկավարվել են մեկ անձնավորության կողմից, որը, ինչպես Ծածկած շուկայի դեպքում, միշտ մնում է ստվերում` ի պաշտոնե լինելով այս ամենի պատասխանատուն: Այդ անձնավորությունը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Սարգսյանն է:
Հարգելի պարոն նախագահ: Բնականաբար, ես այս նամակը չէի գրի, եթե այլ ելք տեսնեի: Հավատացնում եմ` այդ անձնավորության անմիջական մասնակցության հետևանքով քաղաքաշինական գործունեության ոլորտի ողջ օրենսդրական և հայեցակարգային գործընթացները դուրս են մնացել տրամաբանական զարգացումից: Նրա անմիջական նախաձեռնությամբ 2000-ականների սկզբներին` Երևան քաղաքի հուշարձանների ցուցակների անվավեր ճանաչման ու նոր ցուցակի ստեղծման ժամանակ է հենց դուրս մնացել նշված կառույցները, որոնք այսօր կա°մ վտանգված են, կա°մ այլևս չկան: Այսօր հսկայական գումարների արժողությամբ  քաղաքաշինական փաստաթղթեր (Երևանի գլխավոր հատակագիծը, գոտիավորման հատակագծերը և այլն) արժեզրկվում են միայն և միայն նրա անմիջական դրդմամբ, որոնց հակասող բազմաթիվ որոշումներ են կայացվում: Ինչպես արդեն նշեցի, վարպետորեն մշակված այս համակարգում շատ դժվար է գտնել օրենքով պատժելի մեծ խախտումներ, քանի որ հաշվի են առնված բոլոր իրավական հետևանքները, սակայն ցանկացած ազնիվ պրոֆեսիոնալ ցանկության դեպքում կարող է դրանք վեր հանել:
Այն ցավը, որ ապրում եմ որպես ճարտարապետ ու, առավել ևս, որպես դասավանդող ճարտարապետ, համարձակություն տվեց ինձ դիմելու Ձեզ: 2003 թվականից մեր՝ մասնագետներիս պայքարը գրեթե զրոյական արդյունք է ունեցել: Մեզ հաջողվել է բացառիկ դեպքերում ազդել որոշումների վրա, այն էլ հսկայական ջանքերի գնով, անհավասար պայքարում:
Այսօր կարծես թե այս բոլոր խնդիրները շտկելու քաղաքական կամք կա: Դրա դրսևորումներն են վարչապետի ու Երևանի քաղաքապետի կողմից արված մի շարք հայտարարություններն ու քայլերը: Սակայն դրանցում մի շատ կարևոր տարր է պակասում. չկա մասնագիտական նոր, թարմ ներուժի ներառումն այդ աշխատանքներում, այն դեպքում, երբ մեր կողքին ապրում են ոլորտի բոլորովին այլ մասնագիտական կարողություններ ունեցող ներկայացուցիչներ: Անցած տարի Ձեր ձեռամբ բացված Մատենադարանի ու Զվարթնոց օդանավակայանի նոր ժամանակակից մասնաշենքերը, որոնք վերջին տարիներին քաղաքաշինական առումով ամենագրագետ շենքերից են, այդ նոր որակի մասնագետների գոյության ու անհրաժեշտության վառ ապացույցն են:
 Հարգելի պարոն նախագահ
Այս կերպ ներկայացնում եմ իմ դիրքորոշումը` զգալով, որ անզոր եմ այլևս այլ կերպ բարձրաձայնել այս վերահաս վտանգի մասին: Դիմում եմ Ձեզ, որպեսզի ներկայացնեմ ոլորտում առկա ստեղծված ծանր իրավիճակը: Որպես ոլորտի տեղյակ անձնավորություն, որը 2000-ականներից փորձում է մասնագիտական շրջանակներում դրական առաջընթաց ապահովել, կարող եմ հավաստիացնել, որ քանի դեռ Նարեկ Սարգսյանը մեր հանրության շրջանում վայելում է պետական հովանավորություն, մենք անընդհատ ունենալու ենքԾածկած շուկա՚,”Մաշտոցի այգի”և այլն:
Խնդրում եմ մեզ՝ ճարտարապետներիս հնարավորություն տալ շիտակ կերպով նայել ապագա սերունդերի աչքերին, որի համար պատրաստ ենք անել ամեն ինչ հանուն մեր մասնագիտական արժանապատվության ու քաղաքացիական պատասխանատվության:


Հարգանքով`

Սարհատ Պետրոսյան,
ճարտարապետ, քաղաքաշինարար





© 2009 - 2012 // UrbanLabYerevan - Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am