08 June, 2013

Թալանը ապաքրեականացման անհրաժեշտության մասին

20xx թ., Երևան, Հայաստանի Հանրապետություն
Սևադա Պետրոսյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարում է բաց մրցույթ, Հայաստանի տնտեսության փրկության հայեցակարգի մշակման համար:
Մասնակցությունը ազատ է բոլոր տնտեսագետների համար, հատկապես "խրախուսվում" է որոշների մասնակցությունը:
Հայտարարված է նաև մրցույթի ժուրիի խորհուրդը, որը ղեկավարում է անձամբ նախարարը:
Մի քանի օր անց: Մի քանի մանր-մունր տնտեսագետներ սկսում են բողոքել մրցույթի հիմնավորման, պայմանների ու հատկապես նախարարի անձնական գաղափարների ու այլ "պարագաների" մասին:
Հանրային և ոչ հանրային մամուլում, նախարարը անդրադառնում է իր ընդիմախոսներին և հայտարարում (իրավացիորեն), որ բոլոր ընդիմախոսները անտաղանդ ու անբան մարդիք են ու ուղղակի խանդում են իր բացառիկ տաղանդը ու հատկապես այն փաստը, որ ինքը արդեն ունի պատկերացումներ թե ինչպիսի առաջարկներ կլինեն, հատկապես "խրախուսվող" մասնակից տնտեսագետների կողմից: Լրագրողների այն հարցին թե ինչ է այդ գաղափարը նախարարը համեստորեն և միևնույն ժամանակ մեծ հպարտությամբ ներկայացնում է իր հանճարեղ գաղափարը: "Մենք կթալանենք Եվրոպական կենտրոնական բանկը, չե որ այնտեղ կա մեծ քանակությամբ գումար ու "մենք" ավելի լավ գիտենք ինչպես տնօրինել այդ փողերը Հայաստանի տնտեսությունը փրկելու համար":
Ի պատասխան նախարարի հայտարարությանը, մանր-մունր տնտեսագետները հայտարարում են, շարունակելով իրենց հատուկ բողոքական ոճով՝ թե ինչու միայն Եվրոպական բանկը, չե որ կա նաև
Համաշխարհայինը, Ասյիականը ու վերջ-ի-վերջո մեր կենտրոնականը:
Մեկ օր անց մի խումբ այգեպաններ ու էլեկտրիկներ (առավել հայտնի որպես լամպուչկայակախիչներ) հրավիրում են ասուլիս (չգիտես ինչու հենց դրանք) ու հիշեցնում բոլորին, որ թալանը օրենքով արգելված և դատապարտելի արարք է ու նույնիսկ դա բացահայտ քարոզողը կարող է համարվել հանցագործ, ու նախարարը ոչ միայն պիտի ազատվի պաշտոնից պիտի նաև ենթարկվի քրեական պատասխանատվության:
Հաջորդ օրը: Երկու իրադարձություններ միանգամից գրավում են բոլոր լրագրողների ուշադրությունը: Առաջին՝ ՀՀ կառավարությունը շրջանցելով Ազգային ժողովին (միանգամայն հիմնավորված) որոշում է ընդունում թալանը, հատկապես ֆինանսական թալանը դարձնել օրինական, հատկապես եթե դա նպատակաուղված է երկրի փրկությանը: Երկրորդ՝ կալանավորվում են և պատասխանատվության են կանչվում բոլոր այգեպաններն ու լամպուչկայակախիչները, կառավարության որշման դեմ ձեռնարկած դավերի և տաղանդաշատ նախարարի արժանապատվությանը հարվածելուն ու իրեն "վատով խանդելու" մեղադրանքով:
Մի տարի անց: Կողոպտված է Եվրոպական բանկը ու մասամբ ՀՀ Կենտրոնականը: Երկրի փրկությունը հեռանկարում է:

Հ.Գ.՝ Բոլոր դեպքերը հորինված են և որևե նմանություն իրականությանը ընդամենը Ձեր հիվանդ երևակայության արդյունքն է ու շատ պատահական: Իսկ թե առակս ինչ կցուցանե… գնացեք ձեր գործով այ մարդ… Հավե՞ս ունեք:

Այս նկարը ոչ մի կապ չունի պատմության հետ:




















-- © 2009 - 2013 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am